Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»:

Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է: 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին  համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները:

«Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը: