
Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը, որը կգտնվի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այդ անցակետը կարող է գործարկվել մոտ ապագայում։ Այս մասին հունիսի 15-ին ԱԺ-ում 2021 թ. պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը նշեց նաեւ, որ Վրաստանի եւ Ռուսաստանի սահման տանող ճանապարհին վերջերս գոյացած հերթերն առաջացել են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատարների մեծ հոսքի պատճառով։ «Բեռները, որոնք նախկինում տեղափոխվում էին Սեւ ծովով, այժմ տեղափոխվում են Լարսով։ Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ մաքսային անցակետերը եւս քրտնաջան աշխատում են՝ ավտոմեքենաների քանակ սպասարկելով, որը կրկնակի անգամ գերազանցում է դրանց թողունակությունը:
