ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասան Ջիմ Քերիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին տեղեկություն է հայտնվել նախարարության կայքում։
«Ի պատասխան վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարչակարգի շարունակական պրակտիկայի՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ղեկավարության, քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների ու լրագրողների, մշակութային գործիչների, ինչպես նաեւ բոլոր նրանց, ում կանադական ռուսաֆոբ իշխանությունները համարում են անընդունելի․ հիմք ընդունելով փոխադարձությունը՝ մուտքը փակվում է Կանադայի 100 քաղաքացու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քերիից բացի ցուցակում ընդգրկվել են մշակույթի այլ ներկայացուցիչներ՝ գրող եւև կինոռեժիսոր Դեւիդ Բեզմոզգիսը, դերասանուհի Քեթրին Վինիկը, գրողներ Մարգարեթ Էթվուդը եւ Մարիա Ռեւան։
Ապրիլին 60-ամյա Ջիմ Քերին հայտարարեց, որ թողնում է դերասանական կարիերան։ «Ես հեռանում եմ։ Ամենայն հավանականությամբ, այո»,- հայտարարել է Քերին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ր խաղալ երգչուհի Դոլլի Պարթոնի կենսագրականում։ Դերասանը շեշտել է, որ կարող է հրաժարվել կինոթատրոնից հեռանալու իր ծրագրերից, «եթե հրեշտակները բերեն ոսկե թանաքով գրված ինչ-որ սցենար, որը շատ կարեւոր կլինի մարդկանց համար»։