Ռուսաստանն ապրիլին արեւմտյան պատժամիջոցների ֆոնին 8.7 տոկոսով կրճատել է նավթի միջին օրական արդյունահանումն՝ մինչեւ 1.37 մլն տոննա։ Անկումը պայմանավորված է եվրոպացի թրեյդերների՝ ռուսական պետական ընկերություններից նավթ գնելու հրաժարումից, ինչպես նաեւ՝ երկրի ներսում վերամշակման ծավալների նվազման միտմամբ, գրում է «Կոմերսանտ»-ը։
Էներգետիկայի նախարարությունը մարտին դադարեցրել էր նավթի արդյունահանման եւ վերամշակման վերաբերյալ տվյալների հրապարակումը։
«Սախալին-1» նախագծում արդյունահանումը զգալիորեն կրճատվել է։ Ծրագրի օպերատոր Exxon Neftegas-ը կրճատել է արդյունահանումը գրեթե 11 տոկոսով՝ մինչեւ օրական 25.3 հազար տոննա։ Ապրիլի 26-ին արդյունահանումը կրճատվել էր գրեթե 10 տոկոսով, իսկ ապրիլի 27-ին Exxon Neftegas-ը ֆորսմաժորի ռեժիմ էր հայտարարել։
Ընկերությունն այս որոշումը բացատրել է պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման եւ միջազգային չափանիշների պահանջվող մակարդակով գործողությունների իրականացման համար խոչընդոտներով։ ExxonMobil-ն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո խոստացավ աստիճանաբար դուրս գալ նախագծից եւ դադարեցնել ներդրումները Ռուսաստանում։
«Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը պարզաբանել է, որ արտադրությունը կրճատվում է, քանի որ եվրոպացի սպառողները հրաժարվում են ռուսական նավթից, եւ ծավալների վերաուղղման համար ժամանակ եւ ավելի լավ առաջարկներ է անհրաժեշտ: Ընդ որում, Ռուսաստանից նավթի արտահանումը վերամշակման ծավալների կրճատման պատճառով մարտի համեմատ աճել է 8.8 տոկոսով: