Ռուսաստանը կողմ է Ղարաբաղի վերաբերյալ բոլոր դրույթների անվերապահ կատարմանը. Զախարովա
ՌԴ-ն հուսով է, որ այդպիսով նախադրյալներ կստեղծվեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անվերապահ պահպանման օգտին։
Այս մասին այսօր արտաքին քաղաքականության հարցերով ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հույս ունենք , որ դրանով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Երևան - Բաքու հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում նաև երկկողմ բարդ հարցերի մասով», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։