Ռուսաստանի հայերի միության արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը



Ռուսաստանի հայերի միությունը կիսում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտման, երկրի սահմանների անապահով ու վտանգված լինելու վերաբերյալ և պատրաստակամ է քննարկել անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության գաղափարը:

Մայիսի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածեց պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունն՝ ուղղված  Հայաստանի կառավարությանը, իշխանություններին, միջազգային քաղաքական հարթակների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, իրավասու հասարակական-քաղաքական կառույցներին և համապատասխան մասնագետներին`առաջարկելով աջակցել անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի Ադրբեջանի հետ սահմանակից բոլոր տարածքներում:


«Ես դիմում եմ Սփյուռքի մեր ազդեցիկ կառույցներին և անհատներին: Ստեղծված խնդրի վերաբերյալ մենք կարող ենք տրամադրել հավաստի փաստեր և հիմնավորումներ: Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխիքն ունենալու համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին պետք է չտեղակայվեն ադրբեջանական զինվորական խմբեր, դրոշներ և նշաններ:

Մենք պետք է համատեղ ջանքերով, հստակ քայլերով և համախմբված կերպով միասին պայքարենք մեր ազգաբնակչության և պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների դեմ, պայքարենք մեր իրավունքների և մեր երկրի անվտանգության համար », - ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը բարձր է գնահատում Արման Թաթոյանի և նրա ողջ անձնակազմի մասնագիտական ​​գործունեությունը: Անցած տարիների ընթացքում միությունը, լինելով հայկական սփյուռքի ամենամեծ կազմակերպությունը, ակտիվորեն հարաբերակցում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատարի, Արտաքին գործերի նախարարության և այլ պետական ու հասարակական կարևոր նշանակության կառույցների հետ։

Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն ու փորձագետները պատրաստ են քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ձևավորած և առաջարկած հայեցակարգն անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ՝ մեր երկրի քաղաքացիների բնականոն կյանքը, սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունն ապահովելու համար։