Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են զինծառայողների որոնողական աշխատանքներ. Միրզոյան

ՀՀ արտգործնախարարը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ լարվածությունը տեղափոխելով ՀՀ տարածք` Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ներկայացնելու նպատակով հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ՀՀ տարածք, որի հետևանքով 4 հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ` կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել` ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ, բացի օդուժից»,– ներկայացրել է Միրզոյանը:
Նա նաև հայտնել է, որ երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում դեռ ադրբեջանական զինուժ կա։ Այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։
Միրզոյանի խոսքով` ռուսական կողմի մասնակցությամբ այժմ ընթանում են որոնողական աշխատանքներ։
«Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները»,– արձանագրել է Միրզոյանը։
Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է Լեռնային Ղարաբաղի դեմ 2020թ–ի սեպտեմբերի 27-ին սկսած ագրեսիայի ժամանակ ու նաև դրանից հետո միջազգային հանրության ոչ պատշաճ ու ոչ հասցեական արձագանքների։
«Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը»,– ասել է Միրզոյանը:
Նա նաև արձանագրել է, որ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով ՀՀ տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից:
Նախարարը Հայաստանում աշխատող միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության ու բոլոր պայմանագրերի շրջանակներում ՀՀ–ն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ուստի իրավիճակի հետագա լարման պատասխանատվությունը, ըստ Միրզոյանի, ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի վրա:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 13 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։