Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության՝ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարն այսօր վաղ առավոտյան անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և ուղևորվում է Ստեփանակերտ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով տեսանյութ:
Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ բառնատարն արդեն Ստեփանակերտում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: