Ռուս խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում. Պուտին
ՌԴ նախագահը մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստին։
Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Նրանց ջանքերի շնորհիվ, մեծամասամբ, բարելավվել է հումանիտար իրադրությունը, անցկացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները, պահպանվել են պատմության և մշակույթի հուշարձանները»,- ասել է նա ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, տոկունության և դիմացկունության համար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: