Ռուս խաղաղապահների ներկայությունը միշտ անհրաժեշտ կլինի. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականին:
Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Արմեն Սարգսյանի կարծիքով՝ խաղաղապահների ներկայությունը միշտ անհրաժեշտ կլինի։
«Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից»,-ասել է նա:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին ծառայության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դժվար որոշում ընդունելու համար։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանում միշտ շատ ընկերներ է ունեցել, բայց առանձնացրել է ՌԴ Վիկտոր Չեռնոմիրդինին (ՌԴ վարչապետ 1992-1998 թթ-խմբ.)։
«Սակայն կա ընկերություն, որի մասին չի կարելի մոռանալ՝ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինի հետ: Մենք ծանոթացանք 1985 թվականին և, ստացվեց այնպես, որ միանգամից ընկերացանք: Երբ ես դարձա վարչապետ, շատ հարցեր շատ արագ էին լուծվում: Մոսկվա կատարած իմ առաջին իսկ այցի ժամանակ մենք ստեղծեցինք «ԱրմԳազՊրոմ»-ը, որն այժմ կոչվում է «Գազպրոմ Արմենիա»: Մտածեցինք մի գիշերվա ընթացքում, իսկ հաջորդ օրը հուշագիր ստորագրեցինք»,-հիշել է Արմեն Սարգսյանը:
Նա հավելել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, շեշտելով, որ չնայած միջպետական կապերը չեն կարող կառուցվել երկրի ղեկավարների համակրանքների կամ հակակրանքների վրա, այդուհանդերձ, անձնական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: