Աշխարհաքաղաքական
հետազոտությունների ողջ մեթոդոլոգիան, ըստ էության, հիմնված է գլոբալիստական դուալիզմի՝
ծովի և ցամաքի պայքարի գաղափարի վրա, պայքար, որը, սակայն, ուղղորդվում է դեպի ավելի
լոկալ բնույթի բախումներ: Յուրաքանչյուր իրադարձության անալիզի համար սկզբունքային
հիմնարար է հենց այս՝ դուալիստական մոդելը:
Աշխարհաքաղաքական
զոնաների մեջ իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի Ռիմլանդը կամ սահմանային զոնան: Առաջին
հայացքից սա թալասոկրատական տարածք է, սակայն այն իր մեջ ունի նաև թելուրոկրատական
բավական ազդեցիկ էլեմենտներ: Սա առավել բարդ ու հակասական տարածաշրջան է, ուր, ըստ
էության, առկա են թե՛ ծովը և թե՛ ցամաքը: Ծովի ազդեցությամբ պայմանավորված՝ տեղի է
ունենում այս զոնայի դինամիկ զարգացումը, իսկ ցամաքայինի ազդեցությունը հաղորդում է
կայսերականության, հասարակական փոխհարաբերություններում բրգաձև կառուցվածքի էլեմենտներ:
Սակայն, Ռիմլանդը, ըստ էության, այս երկու աշխարհաքաղաքական միավորների պարզ միակցում
չէ, այսինքն՝ նա միայն սինթեզային ռեգիոն չէ: Այն ունի նաև իր ինքնուրույն սկիզբը և,
իր հերթին ևս, հենց ինքը ազդեցություն է ունենում թե՛ թելուրոկրատիայի և թե՛ թալասոկրատիայի
վրա: Ըստ էության, սա ոչ թե պատմության օբյեկտ է, այլ ակտիվ սուբյեկտ: Դրան զուգահեռ՝
Ռիմլանդը չունի միասնական ընկալում թելուրոկրատիայի և թալասոկրատիայի կողմից: Եթե թալասոկրատիայի
համար Ռիմլանդը շերտ է, որը բաժանում է ծովը՝
ցամաքից, ապա թելուրոկրատիայի համար դա եզրագիծ է, սահման, ծայրակետ, որից անդին տեղի
ունեցող գործընթացները հաճախ թելուրոկրատական համակարգերին չեն էլ հետաքրքրում, և Ռիմլանդը
դիտարկվում է որպես սահման:
Ցամաքային
գիտակցությանը բնորոշ է ծովը դիտարկել որպես իր աշխարհի վերջ: Այսինքն՝ մոտեցումները
Ռիմլանդի նկատմամբ երկու կողմից էլ տարբերակված են: Ընդ որում՝ Ռիմլանդը, որը բավական
մեծ ձգվածություն ունի՝ Ջիբրալթարից մինչև Խաղաղ օվկիանոս, աշխարհաքաղաքական տրամաբանության
տեսանկյունից բաղկացած է միմյանցից բավականաչափ տարբերվող հատվածներից: Այսպես. Ռիմլանդի
տարբեր հատվածներում մոտեցումը ցամաքային քաղաքակրթության նկատմամբ խիստ տարբեր է:
Տարբեր են դրանց ընկալումները: Այսպես՝ միջերկրածովյան ավազանը ավելի շատ ընկալվում
է որպես շերտ՝ ի հակադրություն, օրինակ, Հնդկաստանի ծովափնյա շրջանների, որտեղ կապը
ցամաքի հետ շատ ավելի սերտ է: Ընդ որում՝ եթե Ռիմլանդը դիտարկվում է որպես հիմնական
միջանկյալ շերտ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ ավելի տեղային, լոկալ բնույթի միջանկյալ
զոնաներ հանդիպում են նաև պատմության ընթացքում ևս, մասնավորապես՝ որպես այդպիսին կարելի
է դիտարկել նաև Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի միջակայքում ձևավորված, այսպես կոչված,
«սանիտարական կարդոնի» գաղափարը (որը ծագեց1918 թ. հետո արևելաեվրոպական երկրներից),
որն, ըստ էության, միջանկյալ զոնա էր հանդիսանում մի կողմից՝ թալասոկրատական Արևմուտքի,
ուր գերիշխող էր Բրիտանիան, և հստակ թելուրոկրատական Խորհրդային պետության միջև: Այդպիսի
յուրատեսակ սանիտարական կարդոնի դերակատարում էին ստանձնել արևելաեվրոպական երկրներ
Չեխոսլովակիան, Լեհաստանը, մերձբալթյան երկրները և այդպես շարունակ: Եթե Արևմուտքի
համար այս երկրները շերտի դերակատարում ունեին, ապա ցամաքային երկու պետությունների
համար (Գերմանիա և ԽՍՀՄ) սրանք գրավման օբյեկտ էին հանդիսանում՝ ձգտելով այդպիսով դրանք
դարձնել սահման՝ իրենց և մյուս աշխարհի միջև: 1930-ական թթ. կնքված համաձայնագրերը
(օր.՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը) կարելի է դիտարկել հենց այս տեսանկյունից: Ընդ որում՝
տարբեր են նաև թալասոկրատական ու թելուրոկրատական պետությունների մոտեցումները զավթած
տարածքի նկատմամբ: Օրինակ՝ Բրիտանիան, զավթելով տարածքներ աշխարհի տարբեր անկյուններում,
այնուամենայնիվ, դիտարկում էր դա որպես ժամանակավոր երևույթ՝ ձգտելով հնարավորինս շատ
մարդկային, տնտեսական ռեսուրսներ քամել այդ նորանվաճ տարածքներից: Ի հակադրություն
դրա՝ ցամաքային երկու պետությունները՝ Գերմանիան և, առավել ևս, Ռուսաստանը, զավթելով
տարածքը, այն դիտարկում էին որպես իրենց բացարձակ սեփականություն՝ աստիճանաբար յուրացնելով
նաև դրա նկատմամբ իրավունքը՝ որպես հայրենիքի իրավունք: Առաջին ամենացայտուն օրինակը
այդ առումով հենց Ռուսստանն էր, որը որ, ըստ էության, վարելով նույն գաղութային քաղաքականությունը,
ինչ որ եվրոպական երկրները, նվաճած տարածքները համարում էր իր հայրենիքի մի մասը:
Աշխարհաքաղաքական
օրենքները այսօր չափազանց կիրառելի են այնպիսի դիսցիպլինների պլանավորման, ուսումնասիրման
համար , ինչպիսիք են պատմությունը՝ իր ճյուղերով, ռազմագիտությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը,
նույնիսկ՝ կրոնի պատմությունը: Այսինքն՝ հումանիտար բլոկի դիսցիպլինները աշխարհաքաղաքական
օրենքներով կարող են ուսումնասիրման ենթարկվել: Սակայն, աշխարհաքաղականությունը կապված
է նաև տնտեսագիտության հետ, այնքանով նույնիսկ, որ որոշ տեսաբաններ առաջարկում են ձևավորել
նոր գիտություն՝ աշխարհատնտեսագիտություն: Համենայն դեպս, այսօր ավելի ու ավելի աշխարհաքաղաքականության
դիսցիպլինի մեջ նկատելիորեն ավելանում է տնտեսագիտական մտքի ազդեցությունը:
Ընդհանրացնելով,
սակայն, պետք է նշել, որ աշխարհաքաղաքականությունը, ընդհանուր առմամբ, ապագայի գիտություն
է, և այժմ արդեն ու մոտակա ժամանակներում ուշադրությունը դրա նկատմամբ, անշուշտ, ավելի
մեծ է լինելու՝ ընդգրկելով, ամենայն հավանանակությամբ, ողջ բուհական համակարգը:
Այսօր բավական
նկատելի է նաև աշխարհաքաղաքականության դերակատարման նշանակությունը սոցիալական ոլորտում,
երբ ինֆորմացիան ավելի պարզ ու մատչելի է դառնում հասարակ մարդու համար, իսկ աշխարհաքաղաքական
թեկուզև պրիմիտիվ գիտելիքները օգնում են մարդուն իրենց ստացած ինֆորմացիան դասակարգել,
խմբավորել աշխարհաքաղաքական տերմիններով, սանդղակային տեսքով: Օրինակ՝ լուրը ՆԱՏՕ-ի՝
դեպի Արևելք առաջխաղացման մասին,անմիջապես քիչ թե շատ տեղյակ մարդու մոտ ասոցացվում
է թալասոկրատական առաջխաղացման հետ: Նույն իրանա-իրաքյան պատերազմը (1991 թ.) ասոցացվում
էր որպես պայքար թելուրոկրատական տերության և թալասոկրատական առևտրապետության միջև,
որտեղ մեկի համար՝ Իրաքի համար, Քուվեյթի գրավումը իր սահմանները ամուր դարձնելու նպատակ
ուներ: