Ռահմոնն ու Փաշինյանը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են համատեղ խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշմանը։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու ՀՀ վարչապետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են ղազախստանյան իրադրության զարգացումը և իրավակարգի պահպանման համար խաղաղապահ ուժերի տեղափոխման վերաբերյալ ՀԱՊԿ որոշման իրականացումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությանը։։
«Բանակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ և ընդգծել բարեկամ երկրի ղեկավարության աջակցությունը խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռահմոնն ու Փաշինյանը քննարկել են նաև Ղազախստանում համատեղ խաղաղապահ առաքելության մասին ՀԱՊԿ որոշման իրագործումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: