Օրերս հրաժարականով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս փաստը, կարծես, հանրության շրջանում զարմանք չհարուցեց, քանի որ պաշտոնավարման իսկ օրից այդպես էլ հասկանալի չէր, թե ի վերջո ինչ գործառույթ է իրականացնում մեր երկրի համար ամենակարեւոր կառույցի ղեկավարը։
Կատարած աշխատանքը եզրափակվեց այս ու այն առիթով տարբեր ժամանակահատվածներում հայտարարություններ անելով, մինչդեռ պատերազմի ահասարսուռ հետեւանքների տակ կռացած, գերիների գերխնդրով, պարտություն շալակած երկրի պաշտպանության պատասխանատուն սայլը ինչ-որ կերպ տեղից պետք է շարժած լիներ, գոնե պետք է այն շարժելու փորձ աներ։
Եւ հիմա էլ լուրեր են շրջանառվում, թե պաշտպանության նախարարությունում իր "առաքելությունն ավարտած" Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանի ամենահավակնող թեկնածուն է։
Ակամայից հարց է առաջանում' ինչպես կարելի է պատասխանատվություն վստահել մեկին, ով նախորդ ստանձնած գործում, մեղմ ասած, թերացել է, չի ըմբռնել իր անելիքի կարեւորություն ու, փաստացի, տանուլ է տվել այն։ Դարձյալ սխալ հաշվարկներ, դարձյալ գործին անտեղյակ մարդկանց նշանակումներ, բայց արդյունք գրանցելու մեծ ցանկություն։ Այդպես, ցավոք, չի լինում։ Լավ, դրական արդյունք ապահովելու համար հարկավոր է ճիշտ տեղում ճիշտ մարդ ունենալ։
Ռուսաստանում ապրող հայերի թիվը հսկայական է, նրանց առջեւ կան մեծ ու փոքր բազմաթիվ խնդիրներ, ինչպե՞ս է պատկերացնում լուծել այդ խնդիրները Վաղարշակ Հարությունյանը, ի զորու՞ է նա այդ ահռելի աշխատանքն իրականացնելու։
Ընդ որում, ռուսաստանաբնակ հայերի մեծամասնությունը նույնպես գիտակցում է եւ բարձրաձայնում այդ մասին, որ դեսպանի այս թեկնածուն ի վիճակի չէ կրել այդ կարեւոր պատասխանատվությունը։
Որեւէ երկրում, մանավանդ' ռազմական դաշնակից երկրում սեփական պետության ներկայացուցիչը լինելը խաղ ու պար չէ. պահանջվում են լուրջ դիվանագիտական հմտություններ։ Սա անհրաժեշտ է հաշվի առնել, հակառակ դեպքում ծակ տաշտակն է լինելու մեր մշտական ժառանգությունը։