Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել գործը ժամանակին չավարտած կառուցապատողին
Կարգավորման նպատակն, ըստ նախագծի հեղինակների, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումներն են, որոնք հանգեցնում են տարբեր շինաշխատանքների համար սահմանված ժամկետների ու պարտավորությունների խախտման։
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չկատարած ընկերություններին։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Նախագծի համաձայն` Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանք կիրառել ոչ միայն կառուցապատողների, այլև շինարարական այլ աշխատանքներ կատարող ընկերությունների նկատմամբ։

«Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված ծախսերի) արժեքի մեկ տոկոսի չափով»,– նշված է նախագծում։

Կարգավորման նպատակն, ըստ նախագծի հեղինակների, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումներն են, որոնք հանգեցնում են տարբեր շինաշխատանքների համար սահմանված ժամկետների ու պարտավորությունների խախտման։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների:

Օրենքի նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո կներկայացվի արդեն կառավարության դատին։