Վարդևանյանը նաև վստահեցրեց, որ չի պնդում, թե իրավախախտումներ կատարող վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից, ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն: Նա ասաց, որ կարող էր մոդելն այլ կերպ լինել, ենթադրենք՝ միայն տուգանային միավորներ կիրառել՝ առանց տուգանքի ֆինանսական բաղադրիչի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահեցրեց՝ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում:
«Եթե քո 9 բալը լրանում է, 6 ամսով զրկվում ես վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար չես վճարում: Իսկ մինչև այդ բալեր հանելը պատասխանատվություն չէ»,- ասաց իշխանական պատգամավորը։
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն էլ հիշեցրեց՝ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ, և տուգանքի հետ համակցվելու պարագայում այն դառնում է լրացուցիչ:
«Տուգանքը որպես նյութական պատասխանատվության միջոց կարող է սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող անձանց վրա տարբեր ազդեցություն թողնել: Բալային համակարգի ներդրման առանցքային նպատակներից մեկը եղել է հենց անկախ սոցիալական վիճակից որոշակի ազդեցություն թողնելը հասարակական հարաբերությունների առկա իրավիճակի վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով կրկնակի պատասխանատվության վերաբերյալ բարձրացված հարցին՝ Մարանդյանը նույնպես նկատեց, որ չկա կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքի խախտում:
Հանձնաժողովում բավականին երկար քննարկումներ եղան հարցի շուրջ, ինչից հետո հետո նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: