Ոչ մի ատրակցիոն շահագործման չի ենթարկվի առանց համապատասխան փորձաքննության դրական եզրակացության: Փորձաքննության ընթացքում ստուգվում են ատրակցիոնի անվտանգության բոլոր հանգույցները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը՝ նշելով, որ, եթե տրվում է բացասական եզրակացություն, ապա դա ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ արգելում են ատրակցիոնի շահագործումը՝ մինչև չունենան դրական եզրակացություն:
Մարտին Ասլանյանն ասել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկում գրանցված է 212 ատրակցիոն, որոնցից 134-ը գտնվում են Երևան քաղաքում, 78-ը՝ մարզերում: 2022 թվականի օգոստոսի տվյալներով՝ ընդհանուր փորձաքննության են ենթարկվել և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն են ստացել դրանցից 139-ը, որոնցից 50-ը գտնվում են մարզերում, 89-ը՝ Երևանում:
«Համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, յուրաքանչյուր արտադրական օբյեկտ՝ այս դեպքում ատրակցիոնը, տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Եվ իրավունք ունի շահագործվելու՝ միայն փորձաքննության տեխնիկական ավտանգության դրական եզրակացություն ունենալուց հետո», - ասել է փորձագիտական լաբորատորիայի պետը:
Մարտին Ասլանյանը շեշտել է, որ փորձաքննության ընթացքում լինում են թերություններ, որոնք չեն հանդիսանում անմիջապես դեպքի սպառնալիք, այս դեպքում կազմվում է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, սահմանվում է ժամանակացույց տվյալ շահագործողի հետ դրանց վերացման վերաբերյալ: Երբ վերացվում են այդ թերությունները, փորձագիտական խումբը կրկնակի ուսումնասիրություն է իրականացնում և, երբ տեսնում են, որ խնդիրները վերացված են՝ նոր տալիս են փորձաքննության դրական եզրակացություն:
Անդրադառնալով ատրակցիոնների մյուս մասին, որոնք դեռ փորձաքննության չեն ենթարկվել, նա նշել է, որ դրանց վերաբերյալ եզրակացությունները դեռևս ուժի մեջ են և ժամկետները լրանալուն պես նույնպես կանցնեն տարեկան սահմանված նոր ստուգումները:
«Այս պահին Գյումրի քաղաքից ստացել ենք փորձաքննություն իրականացնելու հայտ, որը փաստաթղթավորման փուլում է, այնուհետև տեխնիկական անվտանգության փորձաքննություն է անցկացվելու՝ մոտավորոպես 5 աշխատանքային օր հետո», - նշել է Մարտին Ասլանյանը: