Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողի կոչմանն արժանանալուց հետո ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Շատ երկար ժամանակ չէր ստացվում աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել, և շատ ուրախ եմ, որ վերջապես ստացվեց: Պետք է ավելի շատ աշխատեմ, որ մեծահասակների աշխարհի առաջնությունում էլ հաղթող դառնամ: Շատ ուրախ եմ, բայց արդեն մտածում եմ հաջորդ մրցաշարերում էլ լավ հանդես գալու և ավելի շատ մարզվելու մասին»,- ասել է Թևանյանը:
Մարզիկի խոսքով՝ Մ23 տարեկաննեի ԱԱ-ում ամենաէմոցիոնալ և տպավորիչ գոտեմարտն անցկացրել է կիսաեզրափակչում, որտեղ 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին. «Խառը գոտեմարտ ստացվեց: Վերջին վայրկյաններին հաշիվը հավասարվել էր: Վստահ էի, որ վերջնական արդյունքը հօգուտ ինձ է լինելու, բայց մի փոքր լարվածություն, ամեն դեպքում, կար»:
Հիշեցնենք՝ Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռիյոմա Անրակուին, կիսաեզրափակչում 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին, իսկ եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:
Երիտասարդ ըմբիշն ասել ՝ առաջիկայում կհանգստանա, կվերականգնվի և կվերադառնա մարզումներին: Հաջորդ տարի կանցկացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, իսկ հեռահար պլանները հենց Փարիզ-2024-ի հետ են կապված:
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայացած Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հաղթողի կոչումը նվաճել էին Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Ավագյանը: