Վաղ առավոտից «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք դժգոհում են, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրենց առձևտրի կենտրոնում առևտուր գրեթե չի իրականացվում, քանի որ Քրիստոփորի փողոցը փակ է, մարդիկ չեն կարողանում հասնել տոնավաճառ։
«Անհարմար է, մարդիկ չեն գալիս։ Մարդիկ տեղյակ էլ չեն, որ «Փեթակը» բաց է։ Թող իրավասու պետական կառույցներից գան, մեր խնդրին լուծում տան, որ մենք էլ կարողանանք աշխատել։ Ասել են, որ մինչև դեկտեմբերի 31-ը ճանապարհը փակ է լինելու։ Այսպես որ շարունակվի՝ տարածքի վարձ էլ չենք կարողանալու տալ» , - լրագրողների հետ զրույցում աշխատակիցներից մեկը։
Նրանք հայտարարեցին, թե առևտրականները մեղք չունեն, որ պայթյուն է եղել, հետևաբար՝ պատկան մարմինները պարտավոր են երկկողմանի բացել ճանապարհը:
«Հիմա թող մեկը գա, լսի մեզ, մենք էլ հարց տանք։ Մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում» , - ասաց աշխատակիցներից մեկը։
Նրանցից մեկն էլ հայտարարեց, թե «Փեթակի» ճանապարհը հատուկ են փակել, որ առևտուր չլինի.
«Ուրիշ ծրագրեր երևի ունեն» , - ասաց աշխատակիցը։
Առևտրականներն ասացին, որ շարունակելու են չաշխատել, մինչև իրենց խնդրին լուծում չտան։
«Եթե այսպես շարունակվի՝ մենք էլ փողոց կփակենք» , - ասացին «Փեթակի» աշխատակիցները։