Պելեի դուստրը պատմել է հոր վերջին ցանկության մասին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Պելեի դուստրը՝ Կելի Նաշիմենտոն, խոսել է հոր վերջին ցանկության մասին: Ինչպես նշում է lenta.ru-ն, նա այդ մասին գրել է Instagram-ում:

Հանգուցյալի դստեր խոսքով՝ հայրը դժվարությամբ է ընդունել Բրազիլիայի հավաքականի՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունից (ԱԱ 2022) դուրս մնալը, որից հետո որոշել է աջակցել Արգենտինային։ Ուստի նրա վերջին ցանկությունն է եղել, որ Աշխարհի առաջնության գավաթը մնա Հարավային Ամերիկայում:

«Աշխարհի առաջնության գավաթը պետք է մնա Հարավային Ամերիկայում, և Լիոնել Մեսսին արժանի է դրան»,- ըստ Նաշիմենտոյի՝ ասել է Պելեն։ 

Ըստ դստեր՝ նախկին ֆուտբոլիստն առողջական պատճառներով չի կարողացել դիտել ԱԱ-ի եզրափակիչը։ 

«Սակայն նա հասկացավ, որ Արգենտինան նվաճեց գավաթը և շատ ուրախ էր»,- ասել է Պելեի դուստրը: