Պայթյունը եղել է վագոն-տնակում․ զինվորների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել

Մեղավորին կարող է առավելագույնը երկու տարվա ազատազրկում սպառնալ։

Նռնակի պայթյունի հետևանքով 4 ժամկետային զինծառայողների վիրավորվելու փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել։ Մի քանի ժամ անց ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ չորս զինծառայողները վնասվածք են ստացել զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

«Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Քննչական կոմիտեին այդ մասին տեղեկանք է տրամադրել բժիշկը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Կատարվում է նախաքննություն: