Վերջին օրերում թատերական աշխարհում ամենաքննարկվող հարցն է երկու թատրոնների' Կամերային երաժշտական թատրոնի եւ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական թատրոնի միացման նախարարության փորձն ու ցանկությունը։
Reallynews.am-ը անդրադարձել է այս թեմային օրեր առաջ։ Սակայն խնդիրը գնալով, կարծես, խորանում է, եւ թատերական գործիչներից շատերն են իրենց մտահոգությունը հայտնում այս սխալ ու վատ հետեւանքներով հղի որոշման վերաբերյալ։
Այս առիթով ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն իր ֆբ-յան էջում գրել է.
"Հերթական անհեթեթ որոշման փորձը ․
Երաժշտական Կամերային Թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ ․ ոչ մի թատրոն, կայացած թատրոն, մեկ ուրիշ թատրոնի հետ նույն հարկի տակ ապրել, ստեղծագործել, պահպանել իր դիմագիծը, իր տեսակը չի կարող, մանավանդ, երբ մեծ թատրոնի մեջ ուզում ես տեղավորել փոքր թատրոնն իր ամբողջ ստեղծագործական կազմով. այն պարզապես ժամանակի ընթացքում կտարրալուծվի, կավարտվի, կվերջանա. հիշեք ,,ՓՈՍԻ,,- էքսպերիմենտալ թատրոնը, ու՞ր էայն: Դերասանների, ռեժիսորների կողմից ստեղծված, քարը քարին դրված, իր տեսակի մեջ յուրահատուկ թատրոն։ Միացրին մեկ այլ թատրոնի և ո՞ւր է հիմա այն. Չկա ․․․ ավարտված է։ Եւ այդ ամենը շենքի համար, տարածքի համար։ Կործանեցին մի հրաշալի մշակույթի օջախ՝ ռեստորան սարքելու համար։ Հիմա այս դեպքում ասում են, որ շենքը տրամադրվելու է Սիմֆոնիկ նվագախմբին։ ,,Ոզում եմ հավատալ,, , բայց արդյո՞ք արժե մեկ մշակութային օջախի, ինքնատիպ թատրոնի կործանման, ոչնչացման հաշվին ապահովել մեկ այլ մշակութային միավորի բարեկեցությունը։ Իհարկե ոչ։ Կարծում եմ, հենց Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և ղեկավարը ոգևորված չեն կարող լինել այս անհեթեթ որոշմամբ։ Փոքր-ինչ Թատրոնից հասկացող մարդը մտքի ծայրով իսկ չի անցկացնի այսպիսի բան, եթե հետին միտք չունի։
Ընդհանրապես, կյանքից գիտենք. ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի․․․ սա հենց այնպես ․
Իսկ իմ Կամերայինի գործընկերներին ցանկանում եմ ուժ և կորով։
Պայքարեք և պահպանեք ձեր տունը, ձեր օջախը։ Այն ձեր ստեղծածն է։ Ձեր փոխարեն դա ոչ ոք չի անի։
Ձեր կողքին եմ ։
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյան"