Պատվերի շրջանակներում փոփոխություն չի լինի. փոխնախարարը` Սահմանադրության բարեփոխման մասին
Աննա Վարդապետյանը նշում է, որ փոփոխությունները կարող են արմատական հարցերին չվերաբերել։
Սահմանադրության մեջ պատվերով կատարվող փոփոխություններ չեն լինելու։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Նշենք, որ այսօր մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը:
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդից բացի, մասնագիտական հանձնաժողով է լինելու, որը բուն աշխատանքներն է կատարելու։ Մենք մասնագիտական կարծիք ենք ակնկալում լսել հանձնաժողովից։ Սակայն կառավարման ձևի հետ կապված քաղաքական քննարկում չի եղել»,–ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով` փոփոխությունները կարող են արմատական հարցերին չվերաբերել, այլ արդի, ինստիտուցիոնալ խոչընդոտներին, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը։ Փոխնախարարի խոսքով` քննարկումներին մասնակցում է, որպեսզի ինքն էլ հասկանա` ինչ փոփոխություններ պետք է լինեն և արդյոք դրանք պետք են։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նիստի ժամանակ հայտնեց, որ չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է խորհրդի առջև։ Նա մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե սա բաց գործընթաց է, որի նպատակը Սահմանադրությունն աուդիտի ենթարկելն է, որպեսզի որոշվի` ինչ է պետք փոխել երկրում։
«Ես ակնկալում եմ, որ կքննարկենք վեթթինգի գործընթացը Սահմանադրության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ուզում եմ, որ իշխանության թևերի բանալսավորում լինի, եթե դրանք փոխվեն։ Բացի այդ, պետք է նաև դատական համակարգը վերանայվի»,–ասաց Անդրեասյանը։