Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Հարգելի պարոն Տերտերյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու կապակցությամբ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար: «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արտահայտել է իր կամքը: Մենք այս իրադրությունը նաև ընկալում ենք որպես հնարավորություն՝ մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու, մեր պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար: Այս համատեքստում կարևորում ենք ինչպես խորհրդարան անցած քաղաքական ուժերի գործունեությունը, այնպես էլ խորհրդարանում տեղ չգտած, այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը և ներգրավվածությունը: Այս քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների նպատակն է՝ լսել քաղաքական ուժերի, այդ թվում Ձեր տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Եվ ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք անել, որ փոխադարձաբար կառավարությունը, արտախորհրդարանական ուժերը, Ձեր կուսակցությունը, մասնավորապես, լինեն ավելի լսելի, որպեսզի արժեքավոր գաղափարները կարողանանք դնել իրագործման հոսքագծի վրա, որովհետև մենք այն տեսակետը չունենք, թե արժեքավոր գաղափարներ ունենում են միայն այն ուժերը, որոնք առավել շատ ձայն են ստացել ընտրություններում: Մենք գիտենք, որ լավ մտքեր, գաղափարներ կան, և եթե պատրաստակամ լինեն այդ մտքերն ու գաղափարները կիսվել, պարզաբանել, մանրամասնել, փաստարկներով համոզել՝ մենք, իհարկե, պատրաստ ենք դրանց իրագործման համար պայմաններ ստեղծել: Այնպես որ այս քննարկումը շատ կարևոր է:
Իր հերթին Մհեր Տերտերյանն ասել է. «Շնորհակալ եմ հրավերի համար: Այս ընտրական շրջանում մենք նպատակ էինք դրել, որպեսզի հնարավորություն ունենանք հանրությանը, մեր ազգին ներկայացնենք մեր վաղվա, ապագայի հնարավորություններն ու տեսլականը: Համարում ենք մեր խնդիրը կատարված, քանի որ դաշտ ենք բերել նոր թեզեր, ուղղություններ՝ առանձին կարևորելով բանակաշինությունը և այդ կոնտեքստում ռազմարդյունաբերությունը որպես ոլորտ:
Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով և առանձին ուշադրություն ենք դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանաք ընտրություններից հետո կոնսոլիդացնել քաղաքական ուժերին: Դա նաև իր հետ կբերի բավականին դրական էֆեկտ, քանի որ մեր ժողովրդի մեջ միասնական լինելու հասկացողությունն էլ ավելի կամրապնդվի: Շատ ողջունելի նախաձեռնություն է, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ աշխատանքային ճանապարհի և մոտեցման կիրառման մասով պետք է չափազանց ճիշտ և նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի կոնսոլիդացիան տեղի ունենա:
Ես անձամբ 2017 թվականից իմ աշխատանքով ապացուցեցի, որ անկախ քաղաքական հայացքներից՝ պատրաստ եմ լինել մեր կառավարության, մեր պետական իշխանության կողքին, աջակցել իմ գիտելիքներով: Հույս ունեմ, որ այսօր էլ կունենանք հնարավորություն՝ առանձին քննարկելու այդ աշխատանքները: