Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտնած տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանդամության կարգից, իսկ 128 հոգու հաշմանդամության կարգը 2-րդից իջեցվել է 3-րդի։
Խնդրի շուրջ Aysor.am-ը զրուցել է պահեստազորի սպա, լեյտենանտ, 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Քալանթարյանի հետ, որը պատերազմական գործողությունների հետևանքով զրկվել է մեկ ոտքից։
«Պատերազմից հետո նախ ստացել եմ 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա՝ զինհաշմանդամի կարգավիճակ, ինչի համար «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ից նշանակվել է հատուցում։ Մեկ տարի անց հաշմանդամության վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության երկրորդ կարգը փոխարինվել է երրորդով. որպես հետևանք՝ դադարեցվել են հիմնադրամի հատուցումները»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Քալանթարյանը։
Պատերազմի մասնակցի խոսքով՝ եթե խնդիրը միայն իրեն վերաբերեր, գուցե և չհանրայնանցներ այն, բայց զինհաշմանդամություն ունեցող հարյուրից ավելի մարդ համարում է, որ պետությունն անարդար է վարվել իր հանդեպ։
Պահեստազորի սպան հիմնավորեց՝ հաշմանդամության կարգը որոշելիս պետությունը հաշվի չի առնում այն, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։ Ավելին, վիրավորումները մեծ մասամբ ուղեկցվել են կոնտուզիայով, հետտրավմատիկ սթրեսով, որոնք, որպես կանոն, անդառնալի հետևանքներ են առաջացնում։
Արամ Քալանթարյանն ընդգծեց նաև՝ չնայած պրոթեզի առկայությանը՝ վերջույթից զրկված մարդիկ զգալի սահմանափակումներ ունեն։ Պրոթեզը կարող է վերականգնել, օրինակ, ոտքի ֆունկցիոնալությունը՝ միայն 70 տոկոսով։ Այսպիսով՝ հանձնաժողովի մեկնաբանությունը, թե վերքը լավացել է, պրոթեզ կա, աշխատունակ եք, Քալանթարյանը մանիպուլյացիա որակեց։
Պահեստազորի սպային պարզաբանում չի տրվել նաև, թե, ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր վերջույթ կորցրած մարդու կարգավիճակը հավասարեցնել քրոնիկ ճնշում ունեցողի հաշմանդամության կարգավիճակին։
Պատերազմի մասնակիցը խնդրի լուծում է համարում զինհաշմանդներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչների վերանայումը։ Նախարարության առաջարկած լուծումները՝ դիմել դատարան կամ վերափորձաքննություն անցնել, Արամ Քալանթարյանի կարծիքով, ոչ արդյունավետ են, արմատական լուծման չհանգեցնող, սեփական պատասխանատվությունից ու պարտավորություններից խուսափելու քայլ։ Խնդրահարույց է նաև այն, որ հաճախ վերափորձաքննությունից հետո հաշմանդամության կարգից ընդհանրապես զրկում են։
Պահեստազորի սպան նաև քիչ հավանական է համարում, որ զինհաշմանդամություն ունեցող մարդիկ մոտիվացիա ու տրամադրություն ունենան վերափորձաքննություն անցնելու։
«Զինհաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ զանգում, հարցնում են՝ ի՞նչ եղավ, փոփոխություն կա՞։ Իհարկե, հասկանում եմ, որ պետք չէ ակնկալել շուտափույթ լուծում։ Այո, նաև քաղաքական կամք է պետք՝ օրենսդրական, համակարգային փոփոխություններ ձեռնարկելու համար։ Մենք ձևավորել ենք խումբ, պատրաստակամ ենք մասնակցելու քննարկումներին, երկխոսությանը՝ խնդրին լուծում տալու համար։ Այնուամենայնիվ, խիստ կարևոր է հասկանալ, որ խնդիրն, օրենսդրական բաղադրիչից զատ, ունի նաև բարոյական կողմ. ի վերջո, պետությունը գործ ունի հայրենիքի համար առողջությունը զոհաբերած մարդկանց հետ», - ասում է Արամ Քալանթարյանը։