Փաշինյանը ՄԻԵԴ–ում հաղթել է Հայաստանի Հանրապետությանը
ՄԻԵԴ–ը բավարարել է ՀՀ վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ–ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ։
Դատարանն արձանագրել է, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հետևյալ իրավունքները.
Խաղաղ հավաքների ազատության իրավունք,
Խոսքի ազատության իրավունք,
Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։
ՄԻԵԴ–ն այսկերպ բավարարել է ՀՀ ներկայիս վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Նշենք, որ Փաշինյանն իր հայցադիմումում դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել ՀՀ–ին:

Հիշեցնենք` խոսքը 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին է, որտեղ հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը։ Իսկ ընդդիմության թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չէր ընդունել ընտրությունների արդյունքներն ու վիճարկում էր դրանց օրինականությունը` միաժամանակ Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույց իրականացնելով։
Բողոքի զանգվածային ալիքն իր գագաթնակետին էր հասել 2008թ–ի մարտի 1-ին, երբ Երևանի փողոցներում բախումներ էին սկսվել ցուցարարների ու ոստիկանների և ԶՈւ–ի միջև։ Նույն օրը հնչած կրակոցների հետևանքով Երևանի կենտրոնում սպանվել էին 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձինք։
Բողոքի ակցիաները գլխավորելու համար Լևոն Տեր–Պետրոսյանին աջակցող Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրելու մեղադրանքով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010թ–ի հունվարի 19-ին Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ համաներումով ազատ էր արձակվել 2011թ. մայիսի 27-ին, 2010թ. հունվարի 19-ի դատավճիռը, սակայն, թողնվել էր օրինական ուժի մեջ: