Փաշինյանն Լոռու մարզ կատարած այցի ընթացքում կոպտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը. Ռոբերտ Հայրապետյան

Վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզ կատարած այցի և Երևանում «շրջայցի» ժամանակ կոպտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:

«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների», Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցի համաձայն՝ «վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:

Այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է նշվում ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ և այլն:

Ն. Փ.-ն ըստ էության իրականացրել է նախընտրական քարոզչություն` ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ(ծառայողական ավտոմեքենա, աշխատակազմ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ և այլն):

Վարչական ռեսուրսի չարաշահմամբ գործող ժամանակավոր իշխանությունը ոչ միայն սահմանափակում է մարդկանց քաղաքացիական ազատությունները, այլև խաթարում է պետության գործառույթների օրինականությունը` ծառայեցնելով դրանք ոչ թե սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նպատակներին, այլ մասնավոր քաղաքական շահեր սպասարկելուն»,- գրել է նա: