Փաշինյանի նոր որոշումը. աշխատանքային խումբը կզբաղվի ՀԱՊԿ նախագահության կազմակերպմամբ
Աշխատանքային խմբում 13 պաշտոնյա է ընդգրկված, այդ թվում` Արարատ Միրզոյանը, որը 2–ամսյա պարբերականությամբ պետք է Փաշինյանին տեղեկություններ ներկայացնի իրենց կատարած աշխատանքի մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կհամակարգի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

«ՀԱՊԿ–ում ՀՀ 2021-2022 թթ. նախագահության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի համակարգմամբ»,– նշված է որոշման մեջ։

Աշխատանքային խմբում ընդգրկված են.
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը,
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը,
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը,
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը,
ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կարեն Գասպարյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար) Աստղիկ Բալդրյանը։
Ըստ որոշման` միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը պետք է 2-ամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին տեղեկություններ ներկայացնի աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ ՀՀ մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։