Pais թերթը գաղտնազերծել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Մոսկվայի առաջարկներին
Իսպանական Pais թերթը պնդում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին:
Pais թերթի առցանց էջերում գաղտնի փաստաթղթեր են հրապարակվել, որոնք կոչվում են «ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված փաստաթղթերը՝ ի պատասխան դեկտեմբերի 17-ին ՌԴ-ի առաջարկած համաձայնագրին»։
ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու, ռուսական սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելու, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքը 1997 թ․-ի վիճակին վերադարձնելու մասին պահանջները հաշվի չեն առնվել։ Ըստ էության` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվել են ստորագրել Ռուսաստանի հետ Եվրոպայում անվտանգության մասին երկկողմ պայմանագիրը, սակայն չեն հրաժարվել Ուկրաինան դաշինքում ընդգրկելու հնարավորությունից։

«ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում։ Բայց մենք փոխզիջման գնալ չենք կարող և չենք գնա այն սկզբունքների հարցում, որոնց վրա հիմնված է մեր դաշինքը, ինչպես նաև անվտանգությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում»,-ասվում է թերթում հրապարակված փաստաթղթում։

ԱՄՆ-ի պատասխանում նշվում է, որ իրենք պատրաստ են աշխատել ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության թեմայով երկխոսության, Ռուսաստան-ՆԱՏՕ և ԵԱՀԿ խորհրդի շրջանակում, սակայն շարունակում են հաստատուն կերպով պահպանել Հյուսիսատլանտյան դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը։
Ընդ որում, ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել թափանցիկության ապահովման փոխադարձ միջոցառումները և ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի փոխադարձ պարտավորությունները, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի տարածքում մարտական առաքելություն ունեցող հարձակողական հրթիռային համակարգերի և մշտական ուժերի տեղակայմանը:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիքներին պատասխանելիս հաստատել են, որ ձեռնպահ են մնում Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումից:
Միաժամանակ ԱՄՆ–ն պատրաստ է խորհրդակցությունների ընթացքում (և ուրիշ որտեղ հարկավոր է) դաշնակիցների համաձայնությամբ քննարկել «Ռումինիայում և Լեհաստանում ՀՀՊ օբյեկտներում «Տոմոգավկ» թևավոր հրթիռների բացակայությունը հաստատելու թափանցիկության մեխանիզմը` պայմանով, որ ՌԴ-ն համանման թափանցիկության միջոցներ կառաջարկի ՌԴ-ում ցամաքային բազավորման հրթիռներով երկու կայանների համար՝ մեր (ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի) ընտրությամբ»։

«Մենք պետք է միջուկային զենքի առաքման միջմայրցամաքային միջոցների նոր տեսակները ներառենք սպառազինությունների վերահսկման հետագա համաձայնագրերում։ Մենք նաև պետք է դիտարկենք ոչ ռազմավարական միջուկային սպառազինություններն ու չծավալված մարտագլխիկները»,- ասված է ԱՄՆ-ի պատասխանում, որը հրապարակվել է թերթում:

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայում հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումը սահմանափակելու փոխադարձ պարտավորությունները, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ծովում և օդում տեղի ունեցած միջադեպերը կանխելու համար:
Ինչպես նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` արևմտյան գործընկերներն անտեսել են Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։
Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ փաստաթուղթն արտացոլում է ԱՄՆ-ի մտահոգություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ և առաջարկություններն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ երկրները կարող են շփման եզրեր գտնել:
Նրա գնահատմամբ` գրավոր պատասխանի մեջ «շատ դրական բաներ կան», ԱՄՆ-ն պատրաստ է առաջ շարժվել այն ոլորտներում, որտեղ համագործակցությունը Ռուսաստանի հետ հնարավոր է, պատրաստ է քննարկել ընդհանուր անվտանգությունը։
Պատասխանում կրկին ընդգծվում է, որ ԱՄՆ-ն չի զիջելու ՆԱՏՕ-ի «բաց դռների» սկզբունքի հարցում։