Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. Դեյվիդ Փրայս

Գիտեմ, որ Հայաստանի համար, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակներում ենք եկել,  մասնավորապես հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ ԱՄՆ-ը երկպալատային ջանքեր է ներդնում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք, և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր: Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ը անելիք ունի՝ մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ այս երկարատև հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Քննարկում ենք հակամարտությունը, քննարկում ենք ԱՄՆ-ի հնարավոր դերը»,- ասաց Փրայսը:

Նա խոսեց նաեւ Հայաստանի հանձնառության մասին՝ որպես ժողովրդավարական երկրի. «մենք որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբ, նշել ենք, որ ազատ ընտրությունները հիմնաքարն են ժողովրդավարության, բայց ավելի կարևոր է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում: Այն, ինչ արել է ՀՀ Ազգային ժողովը, մասնավորապես, հակակոռուպցիոն բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, մեծապես գնահատելի է, և մենք հպարտ ենք, որ Կոնգրեսը ևս այստեղ ձեռքբերումներ ունի»,- ասաց Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը: