Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով և գիտի մեր երկրի անկախության իրական գինը: 44-օրյա պատերազմում՝ երիտասարդ կապիտանը դրսևորել է կամք և վճռականություն, հաղթահարել անհնարինն ու հրաշքով երկրորդ կյանք ստացել: Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել ևս: Թեև անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ և հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսևորել նաև վերականգնման, նորից ոտքի կանգնելու և փոքրիկ դստեր համար հենարան լինելու հարցում: Վերականգնողական բուժում է անցնում՝ կարգուկանոն գնահատող զինվորականի նման կատարելով անհրաժեշտ վարժությունները:
Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին այդ հարցում աջակցելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել և իր նպատակասլացության ու ֆիզիոթերապիստների ջանքերի շնորհիվ՝ արդյունավետ տեղաշարժ ապահովել:
Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երևան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Պատերազմի հետևանքներով նույն ճանապարհն անցած զինվորականներին օգտակար լինելու համար, մասնագետները ջանքեր չեն խնայում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանորեն վերականգնման արդյունք է ակնկալվում:
Կապիտան Դավթյանը ուժեղ կամքի տեր, անկոտրում հայի փայլուն օրինակ է: Այժմ էլ առաջ է շարժվում լավատեսությամբ ու անպայման հաջողելու վճռականությամբ։