Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հունիսի 1-ը իր սաների համար իսկական տոն դարձրեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Մեծահասականերն այդ օրը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի փոքրիկները վայելեն համընդհանուր սեր, ուշադրություն և իսկապես զգան, որ իրենք են օրվա գլխավոր հերոսները: Չխախտելով ավանդույթը` երեխաներին կրկին հյուր եկան իրենց սիրելի մուլտհերոսները և տոնն իսկական հեքիաթի վերածեցին:
Մեկ այլ գեղեցիկ ավանդույթի համաձայն` հունիսի 1-ին Օրրան են այցելում տարբեր բնագավառների հայտնի գործիչներ: Այս տարի երեխաներին իր ներկայությամբ ուրախացրեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Օրրանցիները առիթը բաց չթողեցին շփվելու և իրենց հետաքրքրասեր հարցերն ուղղելու իրենց սիրելի մարզիկին և, իհարկե, վայելեցին նրա պատրաստած համեղ համբուրգերները:
Սակայն դրանով տոնը չավարտվեց. ինչպես ամեն տարի, այս անգամ ևս երեխաների համար համեղ հյուրասիրություն էր կազմակերպվել:
Այս տարվա հունիսի 1-ի խորհուրդը, անկասկած, խաղաղության մաղթանքն է բոլորին: 44-օրյա պատերազմից հետո Օրրանն իր դռները բացեց նաև արցախցի այն փոքրիկների համար, ովքեր ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Յուրաքանչյուրիս մեծագույն ցանկությունն է, որպեսզի մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ: Հատկապես պատերազմից հետո նրանք պետք է զգան, որ ոչ մի արհավիրք չի կարող խաթարել նրանց սիրված ու պաշտպանված լինելու իրավունքը: