Նոյը ես եմ, Նոյը դուք եք, մենք ենք Նոյը․ Սերգեյ Սաֆարյան


Վերջերս Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան կենտրոնում երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանն (Նեմրութ) ընթերցողին է ներկայացրել իր երրորդ գիրքը՝ «Երբ տապանում չէ Նոյը»:

Այս առիթով "Մշակութային փազլ"-ը զրուցել է բանաստեղծի հետ։

***Սա քո երրորդ գիրքն է։ Ի՞նչ էական տարբերություններով է այն առանձնանում նախորդ երկուսից։

- Չի առանձնանում, եթե անկեղծ։ Լրացնում է, շարունակում։ Իմ պատկերացրած գրականություն-ամբողջական մարմնի մի մասն է այս գիրքը. ...թող այն կարդան միայն ռեալիստները։

***Ո՞վ է Նոյը։ Եւ ինչու՞ նա տապանում չէ։

- Նոյը ես եմ, Նոյը դուք եք, մենք ենք Նոյը... յուրաքանչյուրս պետք է մեզ այնտեղ տեղափոխենք, տապան ի նկատի ունեմ։

***Գիտեմ, որ գիրքը չի վաճառվելու, այն ուղղակի նվիրում ես ընթերցողներին։ Ինչո՞ւ հենց այդպես որոշեցիր։

- Խոսքի վաճառքից սարսափելի բան չկա։ Այդ տարածքն իմը չէ։ Առհասարակ, ես տող վաճառելուց սարսափում եմ, որովհետև տողը ես եմ, իմ ինքնությունն է տողը... Չգիտեմ։ Եվ հետո ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրելուց ես հաճույք եմ ստանում։

***Համաձա՞յն ես, որ հենց հիմա, այս խառնակ ժամանակներում պետք է ստեղծագործել եւ այդ ստեղծագործածը հասցնել մարդկանց։

-Միանշանակ։ Սա էլ է խրամատ, այս խրամատը չպետք է լքել։ Զենքին հավասար ուժ ունի բառը։ Ավելին, զենքը մի անգամ է պայթում, մաքսիմում մի քանի անգամ, բառն անվերջ պայթելու կարողություն ունի։

Գիրքը կգա՞ Երեւան, թե՞ ոչ։

- Ուզում եմ Երևանը գա այստեղ, այս գրքի հետևից։ Որովհետև տապանն այստեղ է։ Նոյն էլ ։


Զրուցեց Արմինե Բոյաջյանը

Մշակութային փազլ