Նողկալի էր տեսնել Կոնջորյանի բացատրությունը, թե իրենք գերիների հարցով գիշեր ու ցերեկ աշխատում են. Ժաննա Ալեքսանյան

 Պարզ է, որ երբևէ գերիների մասին չխոսող կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  գերիների վերաբերյալ հայտարարությունը չէր ընդունի, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ-ում գերիների հարցով նախագծի ձխողմանը՝ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ես հետևում էի ԱԺ-ի այդ քննարկումներին: COP 29-ից առաջ արժեր գերիների մասով  հայտարարություն տարածել: Վերջապես, ընդդիմությունը մտածեց դա անել: Երբ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց, որ ընդդիմադիրները քաղաքական շահարկումներ են անում, ընդդիմությունը փորձեց ապացուցել, որ այն քաղաքական չէ: Այդ հարցը հենց քաղաքական հարց է: Ռազմագերիների վերադարձի հարցը քաղաքական հարց է, և ընդդիմությունը պետք է պնդեր դա, ոչ թե հրաժարվեր դրանից»,-նկատեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը՝ միգուցե ներքաղաքականի՞ մասին է խոսքը, քանի որ իշխանականները հայտարարում էին, որ ընդդիմությունը քաղաքական դիվիդենտներ է փորձում հավաքել գերիների հարցից՝ իրավապաշտպանն արձագանքեց. «Ես ընդդիմությանն առանձնապես չեմ առանձնացնում իշխանությունից։ Մի «ամանում են եփվում»: Սակայն, նողկալի էր տեսնել Կոնջորյանի բացատրությունը, որ իրենք  գերիների հարցով գիշեր ու ցերեկ աշխատում են: Շատ տհաճ է, չգիտես՝ ինչ ասես: Ինչքան վատ բան կա ՔՊ-ի հասցեին ասելու, արդեն ասված է:

Պարզ է, որ իշխանությունը պետք է հրաժարվեր այդ հարցի քննարկումից, քանի որ մենք չենք տեսնում, որ նրանք ռազմագերիներին վերադարձնելու քաղաքականություն ունեն: Ես անձամբ չեմ տեսնում»:

Հարցին՝ ի՞նչով է դա պայմանավորված․ Ադրբեջանի քայլերի՞ց էին վախենում՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Չգիտեմ, դա երևի իրենք կասեն, բայց որ Ադրբեջանին  լիագույն խոնարհում ունեն՝ ակնհայտ է: Տեսնելով, թե Ալիևն ինչպես է խոսում, նվաստացնում այս իշխանություններին և երբեք պատասխան չի ստանում՝ չգիտեմ, թե դա ինչ է: Դա վախի հարց չէ, գուցե ինչ-որ շահե՞ր կան»: