Նիկոլի օգտին քվեարկողը խփում է իր եւ իր տոհմի դագաղի վերջին մեխը․ Սերժ Սրապիոնյան

Մոտակա տասն օրերը վճռորոշ կլինեն ժողովրդին ամբողջ արհավիրքի ներկայացնելու եւ նրա մտածողության մեջ շատ բան փոխելու համար։ Այս մասին «ՌԵՎՅՈՒ» հաղորդաշարի եթերի ժամանակ նշել է գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը։

«Եթե ժողովուրդը գնաց ընտրատեղամաս, դա Նիկոլի վերջն է լինելու։ Նույնիսկ մարդիկ, որոնք ծլվլում են Նիկոլի դեմքին, հակված են քվեարկելու ուրիշներին։ Գնացեք ընտրատեղամաս, քվեարկեք ում ուզում եք, միայն թե ոչ Նիկոլին։ Նիկոլի օգտին քվեարկողը խփում է իր եւ իր տոհմի դագաղի վերջին մեխը»,- ասել է նա՝ հավելելով.

«Եթե նա պարտությունը համարում է հպարտություն, ուրեմն՝ այստեղ լուրջ հոգեբանական, բժշկագիտական, քաղաքագիտական խնդիր կա։ Նա հպարտությամբ կարող է նայել այն մարդկանց աչքերի մեջ, ում շատ անհրաժեշտ էր հայկական բանակի կազմալուծումը, պարտությունը, տարածքների կորուստը։ Իսկ ես այդպիսի երկու տեսակ եմ ճանաչում՝ թուրքի մի տեսակ, որ կոչվում էին կովկասյան թաթարներ եւ այժմ կրում են ադրբեջանցի անունը եւ բուն թուրքերը»։

Սերժ Սրապիոնյանը չի զարմանում այն քաղաքացիների վրա, որոնք իր խոսքով՝ «Օդնոկլասնիկի» մակարդակում են, իսկ կյանքի շրջապտույտից դուրս մնացած կանայք էլ պաչիկներ են ուղարկում Փաշինյանին։ Սրապիոնյանին փոխարենը  զարմացնում է իրենց կիրթ համարող քաղաքացիները, որոնք կրկնում են Փաշինյանի հայտարարությունները։

«Այս տիկինը չի մտածում, որ իր բնակության վայրը, որը կարող է Երեւանի 30 %-ը լինել, ազերիները գան եւ ասեն GPS-ով սա մերն է, եւ այդ տիկինը հայտնվի ազերիների հյուրընկալ գրկում։ Այս մարդիկ անհամեմատ ավելի մեղավոր են այս երկրի ողբերգական ճակատագրի հարցում, քան վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նրանք են այս մարդուն լիցքավորում։ Բայց կան նաեւ գիտակից մարդիկ, որոնք կարող են այս ճակատագրական օրերին այդպես մտածող  մարդկանց ուղեղի հեռավոր ծալքերին հասցնել, թե ինչ վտանգ է սպասվում մեզ եւ ամեն օր այս մարդու ներկայությամբ որքան է խորանում այդ վտանգը»,– ասել է  նա։

Նրա խոսքով՝ ոչ թե Ալիեւն է գերիներին օգտագործում որպես միջոց Նիկոլ Փաշինյանի վրա ազդելու, այլ Փաշինյանն է  օգտագորում գերիների փաստը, ընդ որում ՝ավելացնելով նրանց թիվը։

«Նպատակը Ալիեւի ձեռքին ուժեղ փաստ տալն է, որ մեր ժողովրդին ուժեղ փաստով ներկայացնի, որ երկիրը չտալու տարբերակ չկա, հակառակ դեպքում գերիներին չենք կարողանա վերադարձնել։ Մի երկրի ղեկավար, որն իր երկրի հետ առնչվող հարցերի բանակցություններին չի կարող մասնակցել, փոխարենը Ալիեւն ու Մուրադովն են մասնակցում, այդ մարդն ամենամեծ երեւակայության դեպքում անգամ չպետք է իրեն համարեր այս երկրի ղեկավար, իսկ այն մարդիկ, որոնք կարծում են, որ այս մարդն իրենց ղեկավարն է, կարող են հանգիստ իրենց ղեկավարի հետ գնալ եւ ապրել կիրթ եւ կառուցողական ընկերոջ երկրում։ Այս երկիրն իրենց տեղը չէ»,– նշել է Սերժ Սրապիոնյանը։

Ադրբեջանի նախագահն ըստ Սրապիոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի  ընդունակությունների, խելքի, մտածողության, բարոյական նկարագրի մասին  սպառիչ տեղեկություններ ունի, հետեւաբար նա կարող է  Փաշինյանին   մատների վրա խաղացնել. «Ինքն առանց ըմբեռնելու դառնում է Ալիեւի մունետիկը Հայաստանում։ Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը միշտ կողմ է եղել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, բայց այնքան մտածող է եղել, որ հասկացել, որ դա իր ժողովրդի շահերից չի բխի, նման փաստաթղթի տակ չէր ստորագրի։ Իսկ Նիկոլը որպես շարքային գործող անձ,  խոշոր կենտրոնների հրահանգներով առաջնորդվող հակահայ անձ է, որը խոստացել էր տալ Արցախը, ինչն էլ իրագործեց, եւ որը կարող է նվիրաբերել  Հայաստանը»։

Սերժ Սրապիոնյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ընտրությունները, դրա վառ օրինակն այն է ըստ նրա, որ պաշտոնական հրապարակման համաձայն՝ 2.5 մլն ընտրող կա, մինչդեռ նա պնդում է, որ  Հայաստանում երկու միլիոնից պակաս մարդ է այս պահին ապրում։