ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:
Մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Իզաբել Դյումոնի և Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը Հայաստան այցելելուց առաջ եղել է Ադրբեջանում: Երեկ նրանց ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհա, Ալիևը։
Այսօր ԵՄ պատվիրակության հետ հանդիպել են նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։