ՆԳՆ ծառայողները հայտնաբերել են անտառում մոլորված պատանիներին և տեղափոխել Ստեփանակերտ

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել կողմնորոշումը և մոլորվել:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11:40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները: Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: 

Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: 

«Հայտնվելով արտակարգ իրավիճակներում` մեզ անհրաժեշտ է անվտանգության ապահովում և իրավիճակի լուրջ մոտեցում ցուցաբերելու զգացում: 

Նման դեպքերում պետք է անհապաղ զանգահարել 911: Հիշե՛ք, որ ահազանգը գրանցվելու վայրկյանից՝ Ձեզ որոնում են»,-նշված է հաղորդագրության մեջ: