ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի հարցում ակտիվ աջակցության համար։
«Ես խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժեր կուտակելու մասին: Ես շնորհակալություն եմ հայտնել նրան ակտիվ աջակցության և քաղաքական լուծում որոնելու հարցում անձնական ներգրավվածության համար, ինչպես նաև ողջունել եմ Թուրքիայի վճռական գործնական աջակցությունը Ուկրաինաին»,- Twitter-ում գրել է Ստոլտենբերգը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության»
Ուկրաինան ու Արևմուտքը վերջին շրջանում անընդհատ հայտարարում են այդ երկրի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից ագերսիայի ենթադրյալ աճի մասին։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ չի սպառնում և մտադիր էլ չէ հարձակվել որևէ մեկի վրա, և որ նման պնդումներն ուղղակի պատրվակ են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի` ավելի շատ ռազմական տեխնիկա կուտակելու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածք և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով` դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։ 2014 թվականից ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զենք են մատակարարում Ուկրաինային և մարզում են նրա ուկրաինացի զինվորականներին, ինչը, ռուսական կողմի դիտարկմամբ, ուղղակիորեն խախտում է Մինսկի պայմանավորվածությունները և բացասաբար է անդրադառնում Դոնբասի կարգավորման վրա։
Միլիոնավոր դոլարների հասնող ռազմական մատակարարումներին ԱՄՆ–ից բացի մասնակցում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան և Էստոնիան։