Նաև այդ պատճառով է սկսվել պատերազմը․Փաշինյանը մեկնաբանել է իր` աղմուկ հանած հարցազրույցը
Փաշինյանը վստահեցնում է, որ բանակցային բովանդակության դեմ ինքն էլ է բողոքում, այն չեզոքացնելու համար արել է հնարավոր ամեն ինչ, չի համակերպվել դրա հետ ու պայքարել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսած է դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանքներից։ Facebook-ի իր էջում նա մեկնաբանել է իր հնչեցրած մի քանի հայտարարություններ։ Նախ հստակեցրել է՝ հարցազրույցում խոսել է իր՝ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության մասին, որի ձևավորման վրա ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։
Հանրության կողմից խիստ քննադատվեց վարչապետի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը ԼՂ ողջ բնակչության մասին էր, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և ընդգծել, որ Արցախի բնակչության անունից լիազորված են խոսել միայն Արցախի իշխանությունները, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չեն։ Նա շեշտել էր, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման նպատակը հիմնական ուղենիշ է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Նա նաև հավելել էր, որ Արցախի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները պետք է դեօկուպացվեն։
Փաշինյանի խոսքով՝ իր պատասխանում նա հերքել է ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։
«Հերքել եմ, որովհետև բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետևաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում, և հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում»,- գրել է Փաշինյանը։
Նա մեկնաբանել է նաև իր հայտարարություններից ևս մեկը, ըստ որի՝ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ։ Եթե մինչև 2016թ–ը ԼՂ հարցի բանակցային ամբողջ գործընթացը գտնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տիրույթում, ապա դրանից հետո այն տեղափոխվել է ՄԱԿ–ի ԱԽ։