Մրցակցության հանձնաժողովը հերքում է մարդկանց տեսածը՝ պաշտպանելով օլիգարխներին. Պարսյան

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի վերաբերյալ երկու հայտարարություն տարածեց՝ փորձելով հերքել մարդկանց տեսածը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝ մրցակցության հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգել է, որ բավարար քանակությամբ շաքարավազ կա շուկայում և որոշ սուպերմարկետներ, խանութներ արհեստական պակասորդ (սահմանափակումներ) չեն ունեցել, իսկ գները չեն բարձրացել։ Ցավոք, հարկատուների փողերով պահվող պետական այս մարմինը հերթական անգամ մոլերցնում է հայ սպառողներին՝ սպասարկելով օլիգարխների շահերը։ Բերեմ կոնկրետ փաստեր՝ 

Առաջին․ մրցակցության հանձնաժողովն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք ուսումնասիրել են միայն չփաթեթավորված (կգ-ով) շաքարավազի շուկան և արձանագրել, որ 370 դրամով շաքարավազ է վաճառվել սուպերմարկետների ցանցերում։ Մինչդեռ, իրականում խնդրի վերաբերյալ ահազանգած սպառողները հիմնականում հնարավորություն չեն ունեցել գնել չփաթեթավորված շաքարավազ, քանի որ դրանք վաճառատեղերում ուղղակի չկային։ Սա այն դեպքում, երբ չփաթեթավորված շաքարավազի բավարար քանակություն է եղել պահեստներում։ Իսկ 5 կգ-անոց պարկերով փաթեթավորված շաքարավազը վաճառվում էր 1 կգ՝ 445 դրամով։ Մրցակցության հանձնաժողով չի էլ պարզել, արդյո՞ք այս ընթացքում փոխվել են փաթեթավորված շաքարավազի գները։ Չփաթեթավորված շաքարավազի բացակայության պարագայում մարդիկ ստիպված են եղել գնել թանկ փաթեթավորված շաքարավազ, այն էլ որոշ սահմանափակումներով։

Երկրորդ․ հանրության մոտ խուճապ տարածելու և գերշահույթ ստանալու նպատակով նույն սուպերմարկետները սահմանափակել էին փաթեթավորված շաքարավազի գնումը (չփաթեթավորվածը ուղղակի չկար)՝ թույլ չտալով 5 կգ-ից ավելի վաճառել։ Այս սահմանափակման պայմաններում մարդիկ ուշադրություն չեն դարձնում գնին, ուղղակի գնում են և շտապում տուն։ Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը չի հերքում, որ  որոշ սուպերմարկետներում քանակական սահմանափակումներ (արհեստական պակասորդ) եղել են, որոնք արդեն վերացվել են։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սուպերմարկետները, խանութներն առհասարակ իրավունք չունեն արհեստական սահմանափակումներ մտցնել և հետո հանել այդ սահմանափակումները։ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի 7-րդ հոդված 2-րդ մասի գ ենթակետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը։ Սա նշանակում է, որ սահմանափակումներ կիրառած (շաքարավազը պահած) խոշոր սուպերամարկետներն առերևույթ խախտել են մրցակցության օրենսդրությունը։