«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Բեգլարյանը տեղեկացրել է, որ պատմվածքների գիրքը Հայրենական Մեծ պատերազմում անհայտ կորած իր պապի մասին է:
«Հայրս՝ բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանը, մի շարք բանաստեղծություններ է նվիրել նրան՝ երկար տարիներ հույս փայփայելով որևէ ստույգ տեղեկություն ստանալ իր հոր մասին: Այդ ստեղծագործությունների մոտիվներն օգտագործվել են «Կորցրած արևի նարինջը» վեպում։ Գրքում տեղ են գտել նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև 2020 թվականին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մասին պատմվածքներ»,-ասել է արձակագիրը՝ հավելելով, որ այս պատերազմները հանդիսանում են մեկը մյուսի շարունակությունը՝ բարու և չարի անվերջ պայքար։
Գրքում տեղ գտած ակնարկում նկարագրվում է նաև Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումն ու արցախցին, ով փորձում է իր մեջ չկորցնել մարդկային արժեքները՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։
Գիրքը տպագրվելու է Ռուսաստանում հայտնի հայ հասարակական գործիչ Յուրի Նավոյանի հովանու ներքո՝ իր հիմնած «ДИАЛОГ» գրքաշարի շրջանակում։ Նախատեսվում է նաև շնորհանդես, որը կկայանա գրքերի «Библио-Глобус» ինտերնետ-խանութի Հայ-Ռուսական ակումբում։