Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել Սյունիքի հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան
Խոսքը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած բանակցությունների մասին է, որոնց վերբերյալ ավելի ուշ պարզվեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան` Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով պատճառը.

«Ադրբեջանի ներկայացուցիչն անսպասելի պայմաններ է առաջադրել, որոնք չեն բխում նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման պայմանավորվածություններից»։

Խոսքը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած բանակցությունների մասին է, որոնց վերբերյալ ավելի ուշ պարզվեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել։

Ընդ որում, մոսկովյան հանդիպումից օրեր անց Ադրբեջանի նախագահը Գուբինսկի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանից պահանջել էր նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետները։
ՀՀ փոխվարչապետը «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար իսկապես անակնկալ է եղել ադրբեջանական իշխանությունների այդ հայտարարությունը։

«Մինչ այժմ բոլոր քննարկումներն անցել են կառուցողական երկխոսության մթնոլորտում։ Եվ մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արտացոլված սկզբունքների շրջանակներում, ինչպես նաև համաձայնեցված նախորդ հանդիպումներում», - ասել է Գրիգորյանը։

Ըստ նրա` Հայկական կողմը կարծում էր, թե հաջողվել է փոխըմբռնման հասնել երկաթուղային հաղորդակցության վերականգնման և ապաշրջափակման հարցում։ Կար նաև ըմբռնում, որ երկրները կպահպանեն ինքնիշխանությունը այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով։ Այնուամենայնիվ, պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերին դեռ կհաջողվի շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են։
Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացավ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։