«Մեյրոն» գինու նորաստեղծ ընտանիքը հուլիսի 22-ին մեկ տանիքի տակ էր հավաքել գինեսերներին՝ ներկայացնելու իր նորույթը՝ «Մեյրոն» Ռոզե գինիները:
Ինչպես «Մեյրոն»-ի սպիտակ և կարմիր անապակ գինիները, այնպես էլ Ռոզեն պատրաստված է Վայոց ձորի Ռինդ գյուղի խաղողի այգիներից:
«Մեր բոլոր գինիները պատրաստվում են խաղողի էնդեմիկ տեսակներից, Ռոզեն պատրաստվել է Արենի տեսակի խաղողից: Մեր այգիները գտնվում են ծովի մակերևույթից 1250-1550 մետր բարձրության վրա: Հենց այդ դիրքի շնորհիվ մենք ստանում ենք նման թարմության և որակի գինիներ»,- «Մեյրոն» Ռոզեի շնորհանդեսի ժամանակ նշեց ընկերության բրենդ ամբասադոր Վլադ Խաչատրյանը:
Վերջինս, ներկայացնելով նոր գինու ստացման ընթացքը, նշեց, որ շատ մեծ վարպետություն է անհրաժեշտ ռոզե գինի պատրաստելու համար. «Մեյրոն»-ի թիմը, պահպանելով բոլոր չափանիշները, ամեն ինչ արել է՝ գինեսերներին փոխանցելու Ռոզեի նուրբ համը:
Գարնանային թարմությամբ լցված վարդագույն անապակը ամբողջ երեկոյի ընթացքում զարդարում էր հյուրերի սեղանները: Ընկերության հիմնադիր Մհեր Տերտերյանը հայտնեց, որ ընկերությունը չի սահմանափակվելու այսքանով. ընդլայնվելու է և իր սիրահարներին պարբերաբար ներկայանալու է նորույթներով.
«Մենք թիմով պայմանավորվել ենք, որ գինու սիրահարների համար պարբերաբար անակնկալներով ենք հանդես գալու: Արդեն սեպտեմբերին մեր ընտանիքը կհամալրենք նոր գինու տեսակով: Սպասեք լավ նորությունների», - ասաց Մհեր Տերտերյանը՝ չբացելով փակագծերը:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մեյրոն»-ի գործունեության մասին՝ Վլադ Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ունի մեկ համոզմունք՝ իրենց գինու ստեղծման հիմքում պետք է լինի որակը. «Մեյրոն» ընտանիքը շատ լավ հասկանում է ընտրած ճանապարհի բարդությունը:
«Բարեբախտաբար թե դժբախտաբար, այսօր բոլոր որակյալ գինի արտադրողները էնտուզիաստ են: Շատերն են մեծ գումար ներդրել բիզնեսում՝ հետ չստանալով ներդրածն ամբողջությամբ: Որակյալ գինու արտադրությունը մեր օրերում մեծ ռսկեր է պարունակում, բայց եթե բոլոր արտադրողները սիրեն իրենց աշխատանքը և այն ապրելակերպ դարձնեն, ապա, համոզված եղեք՝ նրանք կհաջողեն»:
Իսկ ինչ վերաբերում է «Մեյրոն» գինիների ստեղծման գաղափարին՝ բրենդ ամբասադորը նշեց, որ ընկերության հիմնադրի՝ Մհեր Տերտերյանի մոտ այն եղել է դեռ վաղուց:
Նրա պապը տանը զբաղվել է գինեգործությամբ և այնքան լավ գինի է պատրաստել, որ համտեսողներն այն համեմատել են մեռոնի հետ: Թոռանը խրատելիս պապն ասել է՝ «եթե երբևէ գինի պատրաստես, այն պետք է «մեյրոն» լինի»: Եվ քանի որ ընկերության հիմնադրի պապիկը մեռոնն ասել է հնչյունափոխված՝ «մեյրոն», նա էլ որոշել է գինիները հենց այդպես անվանել: