Հունիսի 21–ին հասարակությունը հիասթափության հերթական հարվածն է ստանալու։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Թանդիլյան և Հայաստանի սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը միասին քաղաքական ուժ են ստեղծում։ Այս և ներքաղաքական, Արցախում սոցիալական ծրագրերի շուրջ զրուցը ստորև։
Արդեն հայտնի է, որ Դուք և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը քաղաքական ուժ եք ստեղծում։ Ինչո՞ւ նման գաղափար առաջացավ, երբ դաշտում ինը տասնյակից ավելի ուժ կա։
Նոր կուսակցություն ստեղծելը ընդամենը միջոց է, միջոցներից մեկը՝ հայրենիքին ծառայելու։ Պատերազմից հետո մեր համատեղ աշխատանքը Արցախում սոցիալական խնդիրների կարգավորման հարցում ընդգծել է մեր միասնական նպատակը՝ անել առավելագույնը հանուն հզոր Հայաստանի և Արցախի։ Եվ այդ ճանապարհին կուսակցությունը մի հանգրվան է, որը հնարավորություն է տալու ավելի շատ համախոհների հետ միասին արդյունավետ աշխատանքով շարունակել մեր առաքելությունը։ Մեզ համար կուսակցության ստեղծումը պատերազմից հետո վերաիմաստավորված նպատակների, արժեքների և միջոցների շուրջ միավորված համախոհների քաղաքական ուղին կառուցելու ճանապարհ է միայն։
Դուք հայտարարել եք, որ ընտրություններին չեք մասնակցելու, ուրեմն ինչո՞ւ հենց այս պահն ընտրեցիք քաղաքական ուժ ստեղծելու համար։
Առաջիկա ընտրությունները, ցավոք, որևէ դրական փոփոխություն չեն բերելու մեր հայրենիքին։ Ավելին, արդեն հունիսի 21–ին հասարակությունը հիասթափության հերթական հարվածն է ստանալու։ Ընտրություններին մասնակիցների քանակը ապացուցում է, որ մեր քաղաքական դաշտը մեծամասամբ պայքարում է իրար դեմ՝ վրեժի ու ատելության մոլուցքով, մի մասն էլ բիզնես-պրոեկտ է հիշեցնում։ Այնինչ, երկրի առջև ծառացած խնդիրները աներևակայելի լուրջ են և ամեն կորցրած օրը մեզ հանգեցնելու է նոր ողբերգության։ Ընտրական գործընթացին նայելիս, տպավորություն է, որ Արցախը այլ պետություն էր՝ իր պատերազմով, իր զոհերով, և այդ բեռից ազատված, մոռացել են բոլոր սխալները հայրենիքի առաջ։
Դուք Արցախում նախարարի պաշտոն եք զբաղեցնում, ի՞նչը հնարավոր չէ անել այդ կարգավիճակում, որը հնարավոր է նոր քաղաքական ուժ ունենալու պարագայում։
Որևէ պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը պատասխանատվություն է, որը ստանձնում եմ հստակ խնդիրների լուծման համար։ Իրականում ոլորտին տիրապետող մարդիկ գիտեն, որ սոցիալական հարցեր առաջանում են մնացած ոլորտների բացթողումների, տնտեսական թերզարգացվածության, կառավարման անարդյունավետության և այլ խնդիրնեերի հետևանքով։ Դրա նկարագրող օրինակը գործազրկությունն է, որի հետևանքով առաջանում են սոցիալական բազմաթիվ խնդիրներ, իսկ գործազրկության հաղթարման կայուն և խորքային լուծման ճանապարհը, նախ և առաջ զարգացած տնտեսությունը և կրթությունն են։ Հետևաբար, հետևանքների դեմ անընդհատ պայքարելու փոխարեն, վաղուց ժամանակն է վերացնել պատճառները։ Միևնույն ժամանակ, երկրի առջև ծառացած նորանոր խնդիրները պահանջում են նաև անհատական և թիմային նոր պատասխանատվության ստանձնում, որը ամենևին պայմանավորված չէ պաշտոնով։ Հնարավոր է և պետք է ծառայել ժողովրդին՝ պաշտոնի միջոցով թե առանց, և նաև սա պետք է ցույց տալ գործնականում, ինչը մենք պատրաստվում ենք անել։ Ամենօրյա աշխատանքն է դառնալու մեր քաղաքական ուժի հաջողության այցեքարտը։
Հնարավո՞ր է նորից վերադառնաք հայաստանյան քաղաքական դաշտ և ակտիվ գործունեությամբ զբաղվեք։
Նոր կուսակցության ստեղծումը, բնական է, ենթադրում է ակտիվ քաղաքական գործունեություն, որն ըստ իրավիճակի կունենա իր համապատասխան ձևաչափը։ Մենք նաև ստեղծել ենք "Ապրելու Արցախ" հիմնադրամ, որի գործունությունը ուղղված է լինելու Արցախի հետագա՝ ավելի հզոր ու բարեկեցիկ ապրեցնելուն։ Որևէ պարագայում, որևէ կարգավիճակով, Արցախի նկատմամբ իմ պատասխանատվությունը երբեք չի դադարելու։
Կես տարուց ավելի Արցախում եք, այդ ընթացքում Ձեր ղեկավարած ոլորտում ի՞նչ է հաջողվել անել։ Այս պահին Արցախում անվտանգային, արցախցիների բարոյահոգեբանական վիճակն ինչպիսի՞ն է։
Պաշտոնավարմանս 100րդ օրը հանդես եմ եկել հաշվետվությամբ՝ չորս տասնյակից ավել ուղղությունների շեշտադրմամբ, նախանշելով նաև ուղղությունները։ Կարևոր եմ համարում համակարգային լուծումները, որոնք տրվել են կամ մեկնարկել են այս ամիսների ընթացքում, օրինակ․
• Արցախում սոցիալական թեժ գծի ներդրում
• Սոցիալական շտապ օգնության կենտրոնի ստեղծում՝ սոցիալական աշխատողի համակարգով
• Միասնական սոցիալական ծառայությունների ներդրում, որը հնարավորություն է տալու քաղաքացիներին բոլորս սոցիալական հարցերով սպասարկվել մեկ միասնական վայրում Իսկ ամենակարևորը՝ արցախցիների մեծ մասի վերադարձն է Արցախ, այստեղ իրենց ապրուստի, կեցության վերակազմակերպումն է և կյանքի շարունակությունը, ինչը ինձ համար ամենակարևոր ցուցանիշն է։ Թվերը և վիճակագրական տվյալները հուշում են, որ անգամ տեղահանված արցախցիների 30% վերադարձել է, մնացածն էլ՝ հիմնականում ակնկալում են տան հարցի լուծում վերադառնալու համար․․. Մեր նպատակն է եղել «մոտ կանգնել քաղաքացիներին» և աջակցել՝ ըստ իրական կարիքի գնահատման։ Սա հատուկ ոլորտ է, որտեղ յուրաքանչյուրի խնդիրը առանձին ուշադրության է արժանի, իսկ լուծումները պետք է լինեն հասցեական։ Արցախցին ամուր է կանգնած իր հողի վրա և ոչ մի տեղ չի գնալու:
Հարցազրույցը՝ News.am-ի