Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին՝ ահազանգեր են ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։