Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի հնդկական շտամի տարածումը, որն անվանում են նաեւ «Դելտա», տեղեկացնում է RG-ն։
Երկուշաբթի Մերկելն այս հարցը կքննարկի գործընկերների հետ։ Նա կարծում է, որ Միացյալ Թագավորությունը պետք է հայտարարվի երկիր, որն «անհանգստություն է հարուցում», իսկ բրիտանացիներին թույլ չտալ մտնել ԵՄ երկրներ։ Ընդ որում՝ արգելքը կարող է վերաբերել ինչպես չպատվաստված, այնպես էլ պատվաստված քաղաքացիներին։
Times թերթը գրում է, որ Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Մալթան եւ Պորտուգալիան հազիվ թե աջակցեն Գերմանիային։ Առաջարկվող միջոցները չափից ավելի արմատական են։ Միեւնույն ժամանակ, «Դելտա» շտամը, որը վերջերս հայտնվել է Հնդկաստանում, արդեն հայտնաբերվել է աշխարհի 85 երկրներում։ Այն հայտնաբերվել է անգամ Ավստրալիայում, որն անցած տարվա մարտին փակել էր սահմաններն օտարերկրացիների առջեւ։