Մերձմոսկվայում բժիշկները հաջողությամբ հեռացրել են 50-ամյա տղամարդու 10 կգ քաշ ունեցող ուռուցքը

Ռամենսկայա հիվանդանոցի վիրաբույժները վիրահատել են հսկայական լիպոմայով 50-ամյա տղամարդուն՝ հաջողությամբ հեռացնելով նորագոյացությունը։ Այս մասին հաղորդում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։

Բուժառուն դիմել է բժիշկներին՝ գանգատվելով մեջքի հատվածում առաջացած հսկայական նորագոյացությունից ու դրա հետևանքով ի հայտ եկած տհաճ զգացողություններից։ Տղամարդու խոսքով՝ ուռուցքն սկսել է զարգանալ ավելի քան 15 տարի առաջ, սակայն այդքան ժամանակ նա մասնագետներին չի դիմել։ Այժմ բժիշկներն ստիպված են եղել անհապաղ վիրահատել նրան։

«Խոշոր չափերի լիպոմաները վտանգավոր են, քանի որ կարող են վերափոխվել օնկոլոգիական հիվանդության։ Դրանք ենթադրում են կանոնավոր վերահսկողություն բժիկի մոտ և պլանային վիրահատությամբ հեռացում։ Մենք վիրահատեցինք ու հեռացրինք նորագոյացությունը, որի քաշը 10 կգ էր», - նշել է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ  Միխայիլ Կոշելյովը։

Հաղորդվում է, որ հեռացված ուռուցքը բարորակ էր։ Վիրահատությունից հետո տղամարդը դուրս է գրվել ամբուլատոր բուժման։