«Մեր հերոսներն անմահ են, մեր սրտերում են»․ Գյումրիում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար

44-օրյա պատերազմում Գյումրին 127 զոհ է տվել, 127 հերոս։ Նրանց հիշատակին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, Գյումրիի հերոսների պուրակում տուֆակերտ խաչքար է բացվել։ Շիրակի ԲՀԿ կանանց խորհրդի միջնորդությամբ զոհված տղաների ծնողների այս ցանկությունը Գագիկ Ծառուկյանը կյանքի է կոչել կարճ ժամանակում։

Սերունդների սրտերում հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսների անունները միշտ վառ պահելու, նրանց սխրանքները հավերժացնելու նպատակով տեղադրված խաչքարի բացման արարողությանը ԲՀԿ քաղխորհրդի անդամներն ասում են՝ մխիթարանքի խոսքեր գտնելը դժվար է, բայց տղաների հարազատները միշտ զգալու են, որ մենակ չեն։

«Տարբեր մարզերում մեր հերոսների հիշատակը հավերժացնող այս խաչքարերի, հուշակոթողների բացումն ունի մեկ խորհուրդ՝ մեր հերոսներն անմահ են, մեր սրտերում են։ Նրանք կան, կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հիշում են, քանի դեռ նրանց հերոսության մասին խոսում են»,- ասում է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն էլ համոզմունք է հայտնում․ «Ամեն վայրկյան պայքարը մեր ինքնության համար, մեր տների, մեր ընտանիքների, մեր հայրենիքի՝ Հայաստանի, Արցախի համար, կլինի հիշատակի ամենալավ ձևաչափը մեր զոհված հերոս տղերքին»։