
Նայիր շուրջդ. կարեկցանքի պակաս կա։ Մարդկային ժպիտն է պակաս, սովորական ժպիտը։ Մի ժամանակ մարդիկ փողոց էին դուրս գալիս ՝ բոլորը իրար ծանոթ։ Ժպիտ կար, զրույց կար, բարև կար, հարցուփորձ կար…
Հիմա հարևանությունն է պակասում: Էս բարձրահարկ շենքերում իրար չեն ճանաչում հարևանները: Բարձրահարկ շենքերը երկնային քարանձավեր են: Առաջ բակի, փողոցի, թաղի բնակիչները իրար գիտեին: Ջերմությունը կամաց-կամաց վերանում է: Եվ ո՞ւր ենք գնում այսպես:
Համո Սահյանի այս խոսքերը կարծես թե մերօրյա իրականության մասին են: Մեզ ջերմություն է հարկավոր, մենք պետք է ձեռք մեկնենք միմյանց անկախ ամեն ինչից, մեզ միաբանվել է պետք, որպեսզի կարողանանք տանել մեզ բաժին հասած փորձությունները ու նորից ապրենք, արարենք ու կերտենք մեր հայրենիքը: Մենք այլ տարբերակ չունենք. ուզու՞մ ենք ունենալ ուժեղ երկիր, ուրեմն յուրաքանչյուրս իր տեղում, իր ոլորտում պետք է դառնա լավագույնը: Մենք պետք է մեկ բռունցք դառնանք և մեր սխալներից դասեր քաղենք: Մեզ ապահով Հայաստան է պետք:
Արտյոմ Վարդանյան
