Մենք ոչ թե վենդետա ենք խոստացել, այլ կադրային ջարդ, եւ կադրային ջարդը լինելու է․ Արմեն Գրիգորյան

Մենք ոչ թե վենդետա ենք խոստացել, այլ կադրային ջարդ, եւ կադրային ջարդը լինելու է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պետական համակարգը պետք է կուռ լինի, եւ միանշանակ ծառայի հաղթած ուժի․․․», Ա․Գրիգորյանը խոսքը չի ավարտել, մեկնաբանն, ընդհատելով, նշել  է, որ քաղծառայողները պաշտպանված են օրենքով․

«Պետական համակարգի մի մասը, դուք էլ եք տեսել, ե ինչպես է տորպեդահարում կառավարման համակարգը։ Այդ մասը չի ցանկացել օգտվել ընձեռնված հնարավորությունից, եւ կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, որ կառավարման համակարգը կուռ աշխատի։ Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք եւ կադրային ջարդ անելու ենք եւ բարեփոխելու ենք համակարգը։ Կառավարման համակարգը կաղել է նաեւ այդ պատճառով»։

«Ի՞նչ է նշանակում կադրային ջարդ, մարդն իր տեղում աշխատում է, նա, ով չի աջակցում իշխող ուժի՞ն։ Ով Քոչարյանի աջակիցն է՝ գործից հանելո՞ւ եք»՝ հարցին ի պատասխան, Ա․Գրիգորյանն ասել է․

«Ոչ, ով չի աջակցում բարեփոխումներին, որի մանդատը իշխող ուժը ստացել է։ Սկզբունքային է, որ նրանք դիմում գրեն եւ գնան», ասել է ԱԽ քարտուղարը։

Ադրբեջանցիները մնում են մեր հողում, որտե՞ղ է ՀԱՊԿ արձագանքը՝ հարցին ի պատասխան, Ա․Գրիգորյանը նախ  ասել է, թե ընտրությունները եղել են ազատ ու արդար, ապա ավելացրել, որ  Ռուսաստանի հետ ընթանում են ինտենսիվ բանակցություններ, սկսվել է գործընթացը․

«Այստեղ Ադրբեջանի գործոնը կա, մենք չենք կարող ասել, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանը։ Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են Խորհրդային ժամանակ գործող սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից եւ խնդիրը կարգավորվելու է։ Վերջերս շատ բան չկա, բացի գյուղացու հետ կապված միջադեպից», ասել է նա։

Մեկնաբանը հիշեցրել է, որ հենց ինքը՝ ԱԽ քարտողարն  ասել, որ եթե ադրբեջանցիները բանակցություններով չգնան՝ իրենք դուրս կմղվեն ուժային ճանապարհով, Ա․Գրիգորյանը պատասխանել է, որ իրենք գնում են դիվանագիտական լուծման ճանապարհով։

«Մենք լուծման ճանապարհին։ Այդ ներխուժումն ընտրությունների վր ազդելն էր, բայց իրենք իրենց նպատակին չեն հասել։ Սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահ զորքերը, հետո տեղի են ունենալու սահմանազատում եւ սահմանագծում, հետո սահմանին կանգնելու են հայկական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերը։ Եթե մեզ չբավարարեն մեր ուժերը, այդ տեղերում կկանգնեն ռուսական զորքերը։ Վերջնական որոշված է, որ սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահները», նշել է ԱԽՔ-ն։

Ա․Գրիգորյանը նշել է թե բանակի բարեփոխման ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվել։

«Մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել ենք, որ գնալու ենք պրոֆեսիոնալ բանակի, ԶՈւ բարեփոխումների հիմքում դա է դրված։ Բանակում էլ են հասկանում, որ սա շատ կարեւոր բարեփոխում է։ Քաղաքացիներն ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու», նշել է ԱԽ քարտուղարը։

 Արմեն Գրիգորյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ ռուսաստանցի խաղաղապահները 4,5 տարի հետո չեն հեռանալու Արցախի սահմաններից, եւ, որ այդ մասին իրեն վստահեցրել են ռուս գործընկերները։