Ստեփանակերտում հույս ունեն, որ միջազգային հանրությունը կանի ամեն ինչ, որպեսզի Արցախի շրջափակման հետ կապված իրավիճակը չհասնի ծայրահեղ աստիճանի։ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Ակնհայտ է, որ խոսքը բոլորովին էլբնապահպանական խնդիրների մասին չէ։ Նայեք, թե ովքեր են մասնակցում այս «ակցիային»՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու զինվորականները։ Բայց ենթադրենք, որ խնդիրներ կան։ Մի՞թե այդպես են վարվում։ Մենք էլ նրանց շատ հարցեր ունենք։ Բոլորդ գիտեք 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործված ֆոսֆորային զինամթերքի մասին։ Բայց եթե ցանկանում են հարցեր քննարկել, կան բազմաթիվ քաղաքակիրթ միջոցներ։ Մի՞թե այդպես են հարցերը լուծում։ Խախտելով երեխաների իրավունքնե՞րը», - նշեց նա։
Պատասխանելով բանակցությունների հնարավորության մասին հարցին՝ Բաբայանը հիշեցրեց, որ Ադրբեջանի առանձնատկությունն այն է, որ նման գործողություններն առանց ամենաբարձր օղակի որոշման չեն իրականացվում։ «Այդ ամբոխը հրաման է կատարում։ Ի՞նչի մասին բանակցենք նրա հետ: Այս պահին նրանք կարգախոսներ են հնչեցնում՝ Ղարաբաղը մերն է, հայերը օկուպանտ են, պահպանենք բնությունը՝ այս ոգով։ Եկել են փակելու, ոչ թե քննարկելու, նրանք ընդամենը գործիք են»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Միաժամանակ նա խոստովանեց ռուս խաղաղապահների միջոցով շփումների առկայությունը։ Դա անհրաժեշտ է ցանկացած արտակարգ իրավիճակների, միջադեպերի դեպքում։